14:10  ,  24 մարտի, 2018

Լեոն Հարթ․ Այս մենամարտը շատ կարեւոր է ինձ համար (ֆոտո)

Երկար դադարից հետո կրկին վերադառնում եմ ռինգ նոր հաղթանակների նպատակով: Այս մենամարտում պետք է հաղթեմ, քանի որ հաջորդ մենամարտս լինելու է աշխարհի 4 վարկանիշներից մեկի գոտու համար: Վստահ եմ, որ նախորդ պարտությունից հետո այսօր ռինգից կիջնեմ հաղթանակած:  

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գերմանիայում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը, որը մարտի 24-ին գերմանական Կարլսրուե քաղաքում կանցկացնի 19-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում։ Նախորդ 18 մենամարտերում 29-ամյա բռնցքամարտիկը տարել է 15 հաղթանակ (11-ը նոկաուտով) եւ կրել 3 պարտություն:

Լեոն, երկար դադարից հետո կրկին վերադառնում ես ռինգ: Ի՞նչն էր այս ընդմիջման պատճառը եւ ի՞նչ է մենամարտ է սպասվում մարտի 24-ին:

Այսօր լինելու է 8 ռաունդանոց մենամարտ, ոչ տիտղոսային, քանի որ երկար ժամանակ ռինգ դուրս չէի եկել: Սա, կարելի է ասել, նորից վերադարձ է ռինգ եւ լուրջ պայքարի մեջ մտնելու հայտ արդեն գոտիների համար: Նախորդ մենամարտս կայացել էր 2017-ի հուլիսի 8-ին, երբ WBO ինտերկոնտինենտալ տիտղոսի համար պայքարում մրցավարների որոշմամբ պարտվեցի ռուս Արթուր Մանին:

Դրանից հետո ձեռքի վնասվածք ունեի ու տեւական ժամանակ ստիպված եղա բացակայել ռինգից: Ապաքինումս երկար ժամանակ խլեց: Այս մենամարտն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ հաղթելու դեպքում հաջորդը լինելու է գոտու մենամարտ: Դեռ պարզ չէ, թե որ վարկածով գոտու համար, բայց կարեւոր 4 գոտիներից մեկի համար մենամարտ կլինի հաջորդը:

Ինչպե՞ս ես պատրաստված այսօրվա մենամարտին եւ ի՞նչ կասես մրցակցիդ՝ Ֆադիլ Պաշալիչի մասին:

Մրցակիցս բոսնիացի է, ուժեղ բռնցքամարտիկ է: 30 մենամարտում տարել է 18 հաղթանակ, կրել 10 պարտություն եւ գրանցել 2 ոչ ոքի: Նա ունի մեծ փորձ, եւ հանդիպել է շատ ուժեղ բռնցքամարտիկների հետ։

Ես շատ լավ մարզավիճակում եմ, երկար մարզումային փուլ եմ անցել: Իհարկե, մրցակցիս չեմ թերագնահատում, այս մենամարտին էլ շատ լուրջ եմ տրամադրված, քանի որ ինձ խիստ անհրաժեշտ է այս հաղթանակը՝ գոտու համար պայքարի մեջ մտնելու հնարավորություն ստանալու համար:

Հաղթական եմ տրամարդված եւ ամեն ինչ անելու եմ հաղթելու համար: Վստահ եմ, որ հաղթելու եմ: Այս մարզումային փուլը շատ տարբերվեց նախորներից: Շատ այլ մեթոդներով եմ մարզվել, ուժային մեծ աշխատանք եմ տարել: Այս պահին ինձ շատ լավ եմ զգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում