11:20  ,  23 մարտի, 2018

Էդգար Բաբայան․ Երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ լավ եմ զգում «Հոբրոյում»

22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը երկարաձգել է ֆուտբոլի Դանիայի առաջնությունում հանդես եկող «Հոբրոյի» հետ գործող պայմանագիրը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը, փոխանցում է ակումբի կայքը։

«Երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ ինձ լավ եմ զգում «Հոբրոյում»։ Այստեղ ունեմ լավ մարզիչներ ու ակումբակիցներ։ Պայմանագրի երկարաձգումը դրական որոշում էր բոլոր կողմերի համար։ Սա իմ լավագույն տարին է դանիական Սուպերլիգայում։ Առջեւում շատ աշխատանք կա։ Պատրաստվում եմ աշխատել գոլային պահերն իրացնելու ուղղությամբ»,- Բաբայանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

«Էդգարն առաջադիմում է մեր թիմում եւ աստիճանաբար դառնում «Հոբրոյի» առանցքային խաղացողներից մեկը։ Դա նրա արժանիքն է, քանի որ նա, իրոք, ջանասիրաբար է մարզվում։ Հույս ունենք, որ դա կշարունակվի նաեւ հետագայում»,- ասել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համեր Սորենսենը։

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը 2017-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում մասնակցել է Դանիայի ընթացիկ առաջնության 25 խաղի եւ դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ տուրում նա գեղեցիկ գոլ էր խփել առաջատար «Բրոնդբյուի» դեմ արտագնա խաղում։ Նախկինում Էդգար Բաբայանը եղել է Հայաստանի եւ Դանիայի երիտասարդական հավաքականների թեկնածու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում