12:12  ,  22 մարտի, 2018

ՀՖՖ նախագահ․ Բրիասկոն եւ Մոնրո Արարատը մեծ պատրաստակամությամբ ընդունեցին Հայաստանի հավաքականի հրավերը

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշության արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Առաջիկա ընկերական խաղերն Ազգերի լիգային նախապատրաստվելու փուլերից են: Այդ մրցաշարը Եվրոպայի առաջնությունում խաղալու մեծ հնարավորություն է մեզ համար, որը պետք է բաց չթողնենք:

Նորբերտո Բրիասկոն եւ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը մեծ պատրաստակամությամբ ընդունեցին Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը: Նորբերտոն արդեն մասնակցում է մարզումներին եւ թողնում է շատ լավ տպավորություն:

Ես` որպես ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում Դավիդ Յուրչենկոյին տեսնել ազգային հավաքականում եւ ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ: Մնացածը կախված է անձամբ Յուրչենկոյից»,- ասաց ՀՖՖ նախագահը։

Հիշեցնենք, որ Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել էր Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն 8-րդ անգամ է արժանանում նման պատվի։ Մրցանակներ էին ստացել նաեւ երկրորդ տեղը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանը եւ երրորդ տեղում հայտնված Վարազդատ Հարոյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում