09:12  ,  22 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Վլադիմիր Կրամնիկ vs Լեւոն Արոնյան

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 22-ին կանցկացվի 10-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ, որին պարտվել է առաջին շրջանում։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 9 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի։  Արոնյանն ունի 3․5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի ու Վլադիմիր Կրամնիկի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Դին Լիրեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 9-րդ տուրից հետո. Կարուանա՝ 6, Մամեդյարով՝ 5.5, Գրիշչուկ՝ 5, Կարյակին, Դին Լիրեն՝ 4.5-ական, Կրամնիկ, Սո, Արոնյան՝ 3.5-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում