12:22  ,  21 մարտի, 2018

Չավի․ Ուսեյն Բոլթը երբեք չի կարող կարեւոր դեր ունենալ ֆուտբոլային դաշտում

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող 38-ամյա Չավին անդրադարձել է 8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթի՝ ֆուտբոլիստի կարիերա սկսելու որոշմանը։

«Ֆուտբոլ խաղալու համար տաղանդ է անհրաժեշտ։ Տաղանդը դա քո գործողությունները կառավարել կարողանալու ունակությունն է, քանի որ դու խաղում ես գլխով, այլ ոչ թե միայն ոտքերով։ Ուսեյն Բոլթն աներեւակայելի աթլետ է։ Բոլթը հրաշալի է պատրաստված ֆիզիկապես եւ վազում է բոլորից արագ, սակայն նա երբեք չի կարող կարեւոր դեր ունենալ ֆուտբոլային դաշտում։ Հնարավոր չէ խաղալին ինտելեկտն ու ֆուտբոլային հմտությունները փոխհատուցել ֆիզիկական հնարավորություններով»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին 31-ամյա Բոլթը սկսել էր մարզվել ֆուտբոլի ՀԱՀ-ի չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար «Մամելոդի Սանդաունսի» կազմում։ Ավելի վաղ ջամայկացի արագավազորդը պատմել էր, որ մարտ ամսին փորձաշրջան է անցնելու Դորտմունդի «Բորուսիայում» եւ մտադիր է սկսել ֆուտբոլային կարիերա:

Հիշեցնենք, որ աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը կարիերան ավարտել էր օգոստոսին Լոնդոնում անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում