10:42  ,  21 մարտի, 2018

Չավին եւս 2 տարի կմնա «Ալ Սադում»

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին եւս 2 տարի կմնա Քաթարի «Ալ Սադ» ակումբում։ Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Տուրկի Ալ-Ալին, որը չի մանրամասնել, թե 38-ամյա ֆուտբոլիստն ինչ դերակատարում է ունենալու թիմում։

«Չավիի հետ պայմանավորվածություն ունենք պայմանագիրը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ։ Դեռ չենք կողմնորոշվել, թե ինչ դերակատարում է նա ունենալու թիմում։ Նա կարող է շարունակել խաղալ կամ կատարել այլ աշխատանք։ Դա կորոշենք ավելի ուշ»,- Տուրկի Ալ-Ալիի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։

Հիշեցնենք, որ Չավին 2015-ից է հանդես գալիս «Ալ Սադում»։ Մինչեւ այդ նա խաղացել էր միայն «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում