19:16  ,  20 մարտի, 2018

Դավիթ Թորոսյան. Վստահ եմ, որ մեր 3 պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին էլ կհաջողվի նվաճել օլիմպիական ուղեգրեր

Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը պայքարելու են Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ով նաեւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող երեք հայ բռնցքամարտիկների անձնական մարզիչն է:

Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում  Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկներ, Punch Boxing Promotions ակումբի անդամներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Նարեկ Աբգարյանը տարել է պրոֆեսիոնալ ռինգում իր 8-րդ, Արամ Ավագյանը՝ 7-րդ, իսկ Գոռ Երիցյանը՝ 5-րդ հաղթանակները:

Պարոն Թորոսյան, ամփոփեք մոսկովյան մրցաշարը:

Գոհ եմ մեր տղաներից: Երեքն էլ հրաշալի մենամարտեր անցկացրեցին, դիտարժան ու անզիջում պայքարում հաղթեցին: Այս շոուն առանձնացավ նախորդներից շատ ուժեղ մրցակիցներով: Մենք թույլ մրցակիցներ չենք ունեցել, բայց այս անգամ առավել, քան ուժեղ էին երեքն էլ: Արամ Ավագյանի մրցակիցը ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւն էր: Նա ուներ 6 մենամարտ, 6-ն էլ հաղթանակով: Ուզբեկներն այսօր բռնցքամարտում մեծ առաջընթաց ունեն, Ավագյանի մրցակիցն էլ կշռման արարողության ժամանակ, ռինգ դուրս գալուց առաջ շատ ինքնավստահ էր, որ պարտության կմատնի Արամին: Բայց առանց չափազանցնելու Արամ Ավագյանը միակողմանի ծեծուջարդ արեց ռինգում, հնարավորություն չտալով ուզբեկին որեւէ հարված հասցնել: Տեխնիկապես շատ ճիշտ մենամարտ վարեց մեր մարզիկը եւ մրցավարների միաձայն որոշմամբ տոնեց իր 7-րդ հաղթանակը: Ուզբեկներն ուղղակի շշմել էին: Ես չէի զարմացել, բայց շատ ուրախացել էի, որ մեր բռնցքամարտիկը գրագետ մենամարտ անցկացրեց մինչեւ վերջին ռաունդը: Նոկաուտ չեղավ, բայց ավելի լավ կլիներ՝ նոկաուտ լիներ, քան մրցակիցն այդքան ծեծ ուտեր:

Նարեկ Աբգարյանի մրցակիցը եւս ուզբեկ էր՝ Բեկսուլթան Ռաուշանովը, ով նույնպես հաղթելու հավակնություն ուներ: Ուժեղ բռնցքամարտիկ էր՝ 5 մենամարտ էր ունեցել, 5-ն էլ նոկաուտով էր հաղթել: Նարեկն հրաշալի մենամարտ անցկացրեց, նույնիսկ արդեն վերջին երկու ռաունդներում ուղղակի խաղում էր մրցակցի հետ, կատակում էր, քանի որ միավորներով միաձայն առաջատար էր: Մրցավարները նորից միաձայն հաղթանակը շնորհեցին Նարեկ Աբգարյանին: Ուզբեկների երեկոն չէր այդ օրը, բայց նրանք վստահ էին, որ իրենց անպարտելիներին են հանում ռինգ:

Գոռ Երիցյանն անցկացրեց իր 5-րդ մենամարտը: Մրցակիցը հայկական արմատներով վրացի Միխեիլ Ավագյանն էր: Ճիշտ է, պարտություններ շատ ուներ, բայց փոքր գոտի ուներ: Փորձված մարտիկ է եւ երեւի ամենաբարդ մրցակիցը: Գոռը 8 ռաունդանոց մենամարտ անցկացրեց, ի տարբերություն Արամ Ավագյանի եւ Նարեկ Աբգարյանի. նրանց մենամարտերը 6 ռաունդանոց էին: 

Գոռի մենամարտը բարդ ստացվեց: Մենք այլ ընթացք էին ակնկալում, բայց լրիվ ուրիշ մենամարտի ականատես եղանք: Մի փոքր խնդիրներ ունեցավ մեր բռնցքամարտիկը, ինչ-որ մի բան չէր ստացվում: Բայց վերջին 7-րդ եւ 8-րդ ռաունդներում Գոռն ասես իր տարերքի մեջ ընկավ, սկսեց ծանր հարվածներով առավելության հասնել: Մի քանի ծանր հարվածներից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը եւ գրանցվեց տեխնիկական նոկաուտ:

Ե՞րբ նրանք կունենան գոտիների համար մենամարտեր:

Համաշխարհային գոտու համար մենամարտեր անցկացնելու մասին խոսելը դեռ շատ վաղ է: Բայց կան փոքր գոտիներ, որոնց համար արդեն պատրաստ ենք մենամարտեր անել: Արդեն ժամանակն է, եւ տղաներն էլ շատ լավ տեխնիկա ունեն: Այս մենամարտից առաջ մեկ ամսից ավելի հավաք ունեցանք ԱՄՆ-ում: Այնտեղից վերադարձանք ու անմիջապես դեռ չհամակերպված ժամային գոտու փոփոխությանը մեկնեցինք Մոսկվա: Այսինքն՝ տղաների վրա նույնիսկ ժամային գոտու փոփոխությունը չազդեց: 3-ն էլ հրաշալի շարժվում են առաջ եւ մեծ հեռանկարներ ունեն պրոֆեսիոնալ ռինգում: Մեկ տարվա ընթացքում երեքն էլ միասին 20 մենամարտեր են անցկացրել եւ բոլորն էլ հաղթանակով: Մեր մրցակիցներն էլ բավական լրջացել են: Իրականում՝ մենք էլ ենք շատ լրջացել, փոխվելն են տղաները:

Պարոն Թորոսյան, առջեւում Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունն է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք երիտասարդներից:  

Արդեն ձեւավորել ենք Եվրոպայի առաջնության կազմը: Քանի որ այս տարի մեծահասակները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ չունեն, մեր գլխավոր իրադարձությունը երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է: Կազմում ընդգրկել ենք այնպիսի բռնցքամարտիկների, ովքեր մեդալների հավակնորդներ կարող են լինել: Անուններ չեմ ցանկանում տալ, բայց կարծում եմ՝ պետք է լավ մասնակցենք: Հույս ունեմ, որ Ռումինիա մեկնում ենք լավ կազմով. Վահե Բադալյան (52 կգ), Էրիկ Պետրոսյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Գառնիկ Պապիկյան (69 կգ), Համբարձում Հակոբյան (75 կգ), Նարեկ Մանասյան (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Մեծահասակներն այս տարի միայն կմասնակցեն միջազգային մրցաշարերի, որոնք մեզ համար ավելի շատ նախապատրաստական շրջան կլինեն 2019 թվականին աշխարհի առաջնության համար, որտեղ խաղարկվելու են Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Վստահ եմ, որ մեր երեք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին էլ կհաջողվի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել, քանի որ մեր գերխնդիրն այս պահին Օլիմպիական խաղերն են: Տղաները շարունակելու են հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում եւ պարտադիր փորձելու են մասնակցության իրավունք նվաճել Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով