12:20  ,  20 մարտի, 2018

Պատրիկ Նիլսեն․ Արթուր Աբրահամը շարունակում է մնալ առաջատար բռնցքամարտիկ

Դանիացի Պատրիկ Նիլսենը (29-2, 14 նոկաուտ) պատմել է, որ անհամբերությամբ է սպասում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-6-0, 30 նոկաուտ) հետ մենամարտին։

«Անհամբերությամբ եմ սպասում Աբրահամի հետ մենամարտին։ Իմ նախորդ մենամարտից հետո որոշ փոփոխություններ եմ կատարել նախապատրաստական փուլի ծրագրում ու անձնական կյանքում։ Այժմ 100 տոկոսով կենտրոնացած եմ բռնցքամարտի վրա։ Ապրիլի 28-ին բոլորը կտեսնեն իրական Պատրիկ Նիլսենին։

Աբրահամը շարունակում է մնալ առաջատար բռնցքամարտիկ։ Եթե ես հաղթեմ Արթուրին, ապա դա ցույց կտա, որ ի զորու եմ հաղթել մի շարք բարձրակարգ բռնցքամարտիկների։ Հավատում եմ, որ ինձ մոտ կստացվի։ Տարիքն ու արագությունն իմ կողմն են։ Կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի հասնեմ հաղթանակի»,- 26-ամյա դանիացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Պատրիկ Նիլսենի միջեւ մենամարտը կանցկացնի ապրիլի 28-ին գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում։

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում