14:08  ,  19 մարտի, 2018

Բուֆոն. Աստորին Իտալիայի հավաքական վերադառնալուս պատճառներից մեկն է

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է իր վերադարձը ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքական։ 40-ամյա դարպասապահի խոսքով՝ իր որոշման պատճառներից մեկը «Ֆիորենտինայի» 31-ամյա ավագ Դավիդե Աստորին է, որը մարտի 4-ին հանկարծամահ էր եղել։

«Ես հետեւողական մարդ եմ, որն ունի պատասխանատվության մեծ զգացում։ Դա բավական է՝ բացատրելու համար իմ ներկայությունը հավաքականում։ Ես միշտ միավորող գործոն եմ կատարել հավաքականում եւ ցանկանում եմ ունենալ նույն դերակատարումը։ Աստորին մեկն է այն պատճառներից, թե ինչու եմ ընդունել Իտալիայի հավաքականի հրավերը»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Calciomercato-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Առաջիկա ընկերական խաղերում իտալացիների մրցակիցներն են Արգենտինայի (մարտի 23) եւ Անգլիայի (մարտի 27) հավաքականները:

Դավիդե Աստորիին մարտի 4-ին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Իտալացի պաշտպանը քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում