14:41  ,  19 մարտի, 2018

Զիդան․ Երբ Ռոնալդուի հետ ամեն բան կարգին է, թիմը եւս լավ վիճակում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 30-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տնային հաղթանակը 6։3 հաշվով եւ անդրադարձել պոկերի հեղինակ դարձած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ռոնալդուն չափազանց կարեւոր է մեզ համար, նա էներգիա է փոխանցում թիմին։ Նա շատ լավ գիտի իր օրգանիզմը, գիտի, թե երբ պետք է ավելացնել, որպեսզի լավ մարզավիճակ ունենա մրցաշրջանի վերջնամասում։ Մարզումների ժամանակ Կրիշտիանուն պարզապես հրաշալի է։

Կցանկանայի նաեւ նշել նրա խաղընկերներին, որոնք շատ լավ են օգնում նրան։ Գոլերին մասնակցեց ամբողջ թիմը։ Մենք դարձյալ վստահություն ենք ձեռք բերել, եւ դա հատկապես նկատելի է տնային խաղերում։ Եվ, իհարկե, Ռոնալդուն։ Երբ նրա հետ ամեն բան կարգին է, ապա նաեւ թիմն է լավ վիճակում»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Պրիմերայում 33-ամյա Ռոնալդուն գոլ էր խփել 32-րդ ակումբին, որի դեմ խաղացել է։ Իսպանիայի առաջնությունում պորտուգալացուն չի հաջողվել գրավել միայն «Լեգանեսի» դարպասը։

Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 22-ի եւ մեկ գոլով շրջանցեց «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։ Ռմբարկուների ցուցակը գլխավորող Լիոնել Մեսին խփել է 25 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում