01:37  ,  19 մարտի, 2018

Ռոնալդուի պոկերը «Ռեալին» հաղթանակ բերեց գոլառատ խաղում

Իսպանական Պրիմերայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 6։3 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ։ Արքայական ակումբից 4 գոլ խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Երրորդ գոլի արդյունքում նա ձեւակերպեց կարիերայի 50-րդ հեթ-տրիկը։

33-ամյա Ռոնալդուն Պրիմերայում գոլ խփեց 32-րդ ակումբին, որի դեմ խաղացել է։ Իսպանիայի առաջնությունում պորտուգալացուն չի հաջողվել գրավել միայն «Լեգանեսի» դարպասը։

Ռոնալդուն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 22-ի եւ մեկ գոլով շրջանցեց «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։ Ռմբարկուների ցուցակը գլխավորող Լիոնել Մեսին խփել է 25 գոլ։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» շրջանցեց «Վալենսիային» եւ 60 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ 6 միավոր զիջելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»։ Առաջատար «Բարսելոնան» ունի 75 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 6։3

Կրիշտիանու Ռոնալդու, 11, 47, 63, 90+1, Լուկաս Վասկես, 59, Գարեթ Բեյլ, 86 – Կրիստիան Ստուանի, 29, 68, Խուանպե, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում