00:39  ,  19 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Արոնյանին հաղթած Կարուանան՝ միանձնյա առաջատար

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 18-ին անցկացվեց 7-րդ տուրը, որն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար։

Հայկական շախմատի առաջատարը սպիտակ ֆիգուրներով 37-րդ քայլում պարտվեց Ֆաբիանո Կարուանային՝ կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը։

Այդ հաղթանակի շնորհիվ Կարուանան հավաքեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար։ Երկրորդ տեղում գտնվող Շաքրիյար Մամեդյարովը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ վաստակեց 4․5 միավոր։

Մրցաշարում երրորդ պարտությունը կրելուց հետո Լեւոն Արոնյանը 2.5 միավորով ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Մարտի 19-ին կայանալիք 8-րդ տուրում հայ գրոսմայստերը սեւերով կմրցի չինացի Դին Լիրենի հետ։

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0։1

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0․5։0․5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1։0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0․5։0․5

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Մամեդյարով՝ 4․5, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3․5-ական, Կարյակին՝ 3, Արոնյան, Սո՝ 2.5-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում