09:09  ,  19 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Մեկնարկում է երկրորդ շրջանը

Բեռլինում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 19-ին կմեկնարկի երկրորդ շրջանը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 2 անընդմեջ պարտություններից հետո 8-րդ տուրում սեւերով կխաղա չինացի Դին Լիրենի հետ, որի դեմ առաջին շրջանի պարտիան ավարտել է ոչ ոքի։

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 3 պարտություն եւ 3 պարտիա ավարտել ոչ ոքի։ Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Դին Լիրեն (Չինաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Մամեդյարով՝ 4․5, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3․5-ական, Կարյակին՝ 3, Արոնյան, Սո՝ 2.5-ական:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում