20:23  ,  18 մարտի, 2018

Մոհամեդ Սալահի ռեկորդը «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, պոկերի հեղինակ դառնալով «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում (5։0), ընթացիկ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել է 36-ի։

Սալահն առաջին ֆուտբոլիստն է, որը «Լիվերպուլի» կազմում անցկացրած մեկնարկային մրցաշրջանում 36 գոլ է խփում բոլոր մրցաշարերում։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին, որը «Լիվերպուլում» 33 գոլի հեղինակ էր դարձել մեկնարկային մրցաշրջանում, գրում է Opta Sports-ը։

Բացի այդ, «Ուոթֆորդի» դեմ խաղում Սալահը կատարել է 4 հարված եւ դարձել 4 գոլի հեղինակ։ Նախորդ անգամ Պրեմյեր լիգայում նման դիպուկություն գրանցել հաջողվել էր «Արսենալի» ու Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինին։

«Լիվերպուլի» կազմում Պրեմյեր լիգայում նախորդ անգամ պոկեր ձեւակերպել էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը (2013 թվականին)։

Եգիպտացի կիսապաշտպանը 28 գոլով գլխավորում է Անգլիայի առաջնության ռմբարկուների ցուցակը՝ 4 գոլ գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում