22:32  ,  14 մարտի, 2018

Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Սերգեյ Կարյակինին

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջին հանգստյան օրվանից հետո անցկացվող չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի չեմպիոնի նախորդ հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ առավելության հասավ 68-րդ քայլում:

Լեւոն Արոնյանը վաստակել է 2 միավոր: Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ սպիտակներով պարտվել աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին։

Չորրորդ տուրի ամփոփումը կներկայացնենք բոլոր պարտիաների ավարտից հետո:

Մարտի 15-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Հավակնորդների մրցաշար, չորրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0:1

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ՝ 2.5 միավոր, Մամեդյարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնյան, Կարյակին՝ 1-ական, Սո՝ 0.5:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս