15:27  ,  13 մարտի, 2018

Արոնյանի մարզիչ․ Պարտությունից հետո Լեւոնը միշտ ավելի լավ է խաղում (ֆոտո)

Լեւոն Արոնյանի հաղթելու հնարավորությունները շատ մեծ եմ գնահատում: Պարտությունից հետո Լեւոնը միշտ ավելի լավ է խաղում: Սերգեյ Կարյակինի հետ հաջորդ պարտիայում սպասում եմ հաղթանակի։ Կարյակինը վախենում է Արոնյանից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց շախմատի միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Լեւոն Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը, որն ամփոփել է Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մեկնարկային 3 տուրերը։  

«Առաջին պարտիան անցավ սուր պայքարում: Մի պահ Լեւոնը լավ դիրք ստացավ, բայց, ինձ համար անսպասելի, սկսեց կրկնել դիրքերը: Փորձում էի հասկանալ՝ ինչից է վախենում, բայց այդպես էլ գլխի չընկա: Պարտիրայի ավարտից հետո ասաց, որ այնքան էլ ինքնավստահ չէր: Իմ կարծիքով՝ բարդ դրություն չէր եւ կարող էր հաղթել: Նա ուղղակի վստահ չէր իր դիրքի վրա: Զգուշավորություն չնկատեցի: Երկրորդ տուրը շատ լավ անցկացրեց եւ հեշտությամբ ոչ ոքի խաղաց: Շատ գոհ էի այդ պարտիայից: Երրորդ տուրի խաղի մասին խոսք չկար, շատ դժգոհ եմ: Առաջին քայլն էր պարտության պատճառը: Լեւոն Արոնյանը E4 քայլ չի անում եւ, չգիտես ինչու, երեկ որոշեց խաղալ Կրամնիկի՝ Բեռլինի տարբերակի դեմ: Պարզվեց, որ Կրամնիկը 2 տարի սպասում էր Լեւոնի այդ քայլին: Երկրորդ սխալը հոգեբանական էր: Եթե դու շախմատային նոր քայլ ես մտածել, դա չպետք է առաջին անգամ խաղաս Կրամնիկի դեմ»,- ասաց Աշոտ Նադանյանը:

Մարզիչը բարձր է գնահատում Լեւոն Արոնյանի հաղթելու հնարավորությունները․

«Արոնյանը պարտությունից հետո միշտ ավելի լավ է խաղում: Ես դեռ սպասում եմ, որ պետք է լավ պարտիաներ լինեն: Ավելի լավ է առաջին 3 տուրերում պարտվես, քան՝ վերջին պարտիաներում: Երկրի նախագահը ներկա էր մեկնարկային պարտիային, եւ դա նույնպես ճնշող էր Լեւոնի համար: Կարծում եմ՝ հաջորդ տուրերում նա նման խնդիրներ չի ունենա: Լեւոնի հետ չենք զրուցել եւ չենք զրուցի մինչեւ մրցաշարի ավարտը: Նա չունի դրա կարիքը։ Արոնյանը շատ պրոֆեսիոնալ է եւ չունի կողմնակի աջակցության կարիք: Եթե չկա մասնագիտական հարց, չունի շախմատային խնդիր, մենք առհասարակ չենք շփվում: Լեւոնը վերջերս որոշել է, որ չի ունենալու մարտավկա, որը պետք է հուշի իրեն, թե ինչ քայլ կատարի: Նա գտնում է, որ մարտավկան խանգարում է իրեն: Ինձ թվում է՝ Կարյակինը հարմար մրցակից է. նա վախենում է Լեւոնից: Երբ դու պարտվել ես, պարտությունից հետո ցանկանում ես անպայման հաղթել, այս առումով Կարյակինը հարմար մրցակից է: Պետք չէ կամուրջներն այրել, պետք չէ ռիսկի գնալ: Ամեն ինչ առջեւում է: Երկար մրցաշար է, դեռ 11 տուր կա եւ ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ»,- ասաց Աշոտ Նադանյանը:

Ասուլիսին ներկա էր նաեւ Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը նույնպես հավատում է Լեւոն Արոնյանի հաղթանակին․

«Առաջին պարտիրայում պայքարը շատ ուժեղ էր: Լեւոնը ռիսկի չդիմեց առաջին խաղում: Նա մտածում էր, որ իր դիրքը լավն է, բայց սեւերի խաղը բավական զորեղ է: Կարծում եմ՝ մեր առաջատարը հաղթելու հնարավորություններ ունի Կարյակինի հետ հաջորդ պարտիայում։ Վերջին շրջանում Լեւոն Արոնյանը շատ լավ մարզավիճակում էր եւ նրա հաղթելու հնարավորությունները շատ են»,- նշեց Հրանտ Մելքումյանը։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի մեկնարկային 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ սպիտակներով պարտվել ռուս Վլադիմիր Կրամնիկին։ Մարտի 13-ին մրցաշարում հանգստյան օր է։ Մարտի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ռուս Սերգեյ Կարյակինի հետ։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում