00:05  ,  13 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը՝ միանձնյա առաջատար, Լեւոն Արոնյանը կիսում է 6-7-րդ տեղերը

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն է, որը պարտության էր մատնել հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին:

Կրամնիկին հավասարվելու հնարավորություն ունեին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան կամ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, սակայն նրանց պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Լեւոն Արոնյանը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ 1-ական միավորով կիսում է 6-7-րդ տեղերը: Մարտի 14-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կարյակինը: 

Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ՝ 2.5 միավոր, Մամեդյարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնյան, Կարյակին՝ 1-ական, Սո՝ 0.5:

Չորրորդ տուրի զույգերը

Կարյակին - Արոնյան

Կրամնիկ - Կարուանա

Գրիշչուկ - Դին Լիրեն

Մամեդյարով - Սո

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Ֆոտո՝ facebook.com/theworldchess

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում