10:55  ,  11 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Շաքրիյար Մամեդյարով

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 11-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, որն առաջին տուրում հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին։ Արոնյանը մեկնարկել էր չինացի Դին Լիրենի հետ ոչ ոքիով։

Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդյարով՝ 1-ական միավոր, Արոնյան, Դին Լիրեն՝ 0.5-ական, Սո, Գրիշչուկ, Կարյակին՝ 0-ական:

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English