17:15  ,  8 մարտի, 2018

Իգուաին. Գիտեինք, որ անգլիական թիմերը հաճախ են սխալվում պաշտպանությունում

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ արտագնա հաղթանակը 2։1 հաշվով:

«Շատ բարդ հանդիպում էր «Տոտենհեմի» պես ուժեղ մրցակցի դեմ։ Նրանք միշտ ներդնում են բոլոր ուժերը եւ խաղում ագրեսիվ։ Սակայն մենք գիտեինք, որ անգլիական թիմերը միշտ բացեր են ունենում պաշտպանությունում, եւ դա հնարավորություն էր տալիս մեզ։

Հպարտ եմ այս թիմով ու մեր բժշկական շտաբով, որը լավ աշխատեց՝ թիմին այս խաղից առաջ լավ մարզավիճակի հասցնելու համար»,- Իգուաինի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենքն, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում արգենտինացի հարձակվողը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ եւ ընդգրկվել է նաեւ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների թվում։ «Տոտենհեմի» ու «Յուվենտուսի» միջեւ առաջին խաղում գրանցվել էր 2։2 հաշիվը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» եւ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս