01:37  ,  8 մարտի, 2018

ՉԼ. «Յուվենտուսը» դուրս թողեց «Տոտենհեմին», «Մանչեսթեր Սիթին» պարտվեց, բայց հաջորդ փուլում է

Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» նվաճեցին ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» «Յուվենտուսին» պարտվեց 1:2 հաշվով: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում Անգլիայի փոխչեմպիոնների եւ Իտալիայի չեմպիոնների դիմակայությունում հաշիվը բացվեց 40-րդ րոպեին: Անգլիական թիմի կազմում աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը: Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» արգենտինացի հարձակվողներ Գոնսալո Իգուաինի եւ Պաուլո Դիբալայի գոլերի շնորհիվ ընդամենը 3 րոպեում առաջ անցավ հաշվի մեջ՝ 2:1:

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2:

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանն անսպասելի պարտություն կրեց «Բազելից»՝ 1:2:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության: «Բազելի» դարպասն արդեն 8-րդ րոպեին գրավեց բրազիլացի Գաբրիել Ժեզուսը, սակայն 17-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գոլը, իսկ ընդմիջումից հետո նաեւ երկրորդ անգամ գրավեցին չիլիացի Կլաուդիո Բրավոյի պաշտպանած դարպասը:

Առաջին խաղում 4:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան հանդիպում

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 2։2)

Սոն Հին Մին, 40 - Գոնսալո Իգուաին, 64, Պաուլո Դիբալա, 67

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 4։0)

Գաբրիել Ժեզուս, 8 - Մոհամեդ Էլյունուսի, 17, Մայքլ Լանգ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում