12:25  ,  5 մարտի, 2018

Վիկ Դարչինյանը՝ Հայաստանում պրոմոուտերական ընկերություն հիմնելու եւ չեմպիոնական մենամարտին սպասելու մասին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, հնարավոր է, մենամարտ անցկացնի 31-ամյա ռուսաստանցի Եվգենի Գրադովիչի հետ, որին պատկանում է IBF վարկածով չեմպիոնական գոտին կիսաթեթեւ քաշային կարգում։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Վիկ Դարչինյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

42-ամյա բռնցքամարտիկն այս օրերին Հայաստանում է: Եկել է հայրենիք՝ հանգստանալու, զուգահեռ նպատակ ունի Հայաստանում հիմնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի պրոմոուտերական ընկերություն: Իսկ մինչեւ այդ սպասում է հաջորդ մենամարտի հաստատմանը: Դարչինյանի խոսքով, նա կարիերան ավարտել է 2007 թվականին, բայց ցանկություն ունի անցկացնել եւս մեկ չեմպիոնական մենամարտ։

«Առաջարկ եմ ստացել Մոսկվայում անցկացնել մենամարտ գործող աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Ես դեռ 2007 թվականին եմ ավարտել մարզական կարիերաս, բայց, երբ տեղեկացա, որ Եվգենի Գրադովիչը ցանկանում է ինձ հետ մենամարտ անցկացնել, համաձայնեցի, քանի որ նա ունի գոտի եւ գործող աշխարհի չեմպիոնն է: Ես իմ մարզական կարիերայում 9 գոտի եմ նվաճել եւ ցանկալի կլիներ, որ գոտիներիս քանակը հասցնեի 10-ի եւ հետո նոր հեռանայի ռինգից: Այս ընթացքում անցկացրել եմ մեկ մենամարտ, որը գոտու համար չէր: Ստացվեց շատ լավ մենամարտ: Այն ուղարկեցի Մոսկվա, նայեցին: Այդ ձայնագրությունը տեսնելուց հետո դեռ լռում են, մտածում են: Եթե համաձայնեն, սիրով կանցկացնեմ կյանքի վերջին մենամարտը: Իսկ եթե հրաժարվեն, այլեւս մենամարտ չեմ ունենա:

Հայաստանում մեծ ծրագրեր ունեմ, ցանկանում եմ այստեղ հիմնել պրոմոուտերական ընկերություն: Գիտեմ, որ Հայաստանում ունենք շատ լավ բռնցքամարտիկներ, ովքեր կարող են պրոֆեսիոնալ ռինգում մեծ հաջողությունների հանել, լավ գումարներ ստանալ: Մենք այստեղ չունենք պրոմոուտերական կազմակերպություն, որը մեր մարզիկների համար ճանապարհ կբացի դեպի համաշխարհային պրոֆեսիոնալ ռինգ: Ես հայաստանցի բռնցքամարտիկներին կտամ այդ հնարավորությունը, որ իրենց ուժերը փորձեն, այստեղ մարզվեն, իսկ վերջին փուլն ԱՄՆ-ում պատրաստվեն: Մենք այստեղ չունենք համապատասխան ընկերություն, որը կզբաղվի այդ հարցերով։ Ցանկանում եմ իմ հնարավորություններն ու անունն օգտագործել՝ հայ բռնցքամարտիկներին օգնելու համար: Ես պակաս անուն չունեմ դրսում, հուսամ՝ այն կօգնի, որ եւ լավ մենամարտեր կազմակերպենք, եւ հեռուստաընկերություններին գրավենք։ Երբ իմանան, որ հեռարձակելու են Վիկ Դարչինյանի մարզիկին, կարծում եմ՝ սիրով կաշխատեն մեզ հետ: Ես հնարավորություն կստեղծեմ մեր մարզիկների համար, որ ավելի շատ սպարինգներ ունենան դրսի բռնցքամարտիկների հետ, լավ փորձ ձեռք բերեն:

Երբ դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն, եկա Հայաստան: Շատ էի ցանկանում այստեղ մեծ գումարներ ներդնել եւ բացել պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ: Ինձ ոչ ոք այդ ժամանակ չօգնեց՝ չնայած ձեռք մեկնելու ոչինչ չկար, ներդրումների կարիք չկար, ինձ միայն պետք էր համաձայնություն ստանալ, որպեսզի բացեի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիա: Այստեղ չուզեցին, քանի որ այդ պահին պրոֆեսիոնալը խանգարում էր սիրողականին: Հիմա աստիճանաբար փոխվում է, եւ ամեն ինչ տանում է պրոֆեսիոնալին: Գուցե շուտով նոր օրենքներ կլինեն, սիրողականի ռաունդները կավելանան եւ շատ հնարավոր է, որ տարիներ անց նույնիսկ չլինի սիրողական բռնցքամարտը: Իմ ծրագրերը, կարծում եմ, տեղին են եւ այս պահին ճիշտ ժամանակն է Հայաստանում ունենալ պրոմոուտերական ընկերություն: Ոչինչ, որ տարիներ առաջ ինձ ձեռք չմեկնեցին, հիմա կիրականացնենք մեր նպատակները: Ես հաճախ եմ գալիս Հայաստան, ինձ այստեղ շատ լավ ընդունում են, հարգում, լավ ընդունելության եմ միշտ արժանացել երկրի նախագահի կողմից։ Եղել եմ Ղարաբաղում, որտեղ նույնպես նախագահի կողմից ջերմ ընդունելության եմ արժանացել: Ես էլ ուզում եմ իմ կողմից օգտակար լինել Հայաստանին, հայ մարզիկներին ու հայկական սպորտին»,- ասաց Վիկ Դարչինյանը:

Հիշեցնենք, որ Վիկ Դարչինյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի մարտին Ավստրալիայում՝ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Թաիլանդը ներկայացնող 33-ամյա Մանոտ Կոմպուտին: Դա Վիկ Դարչինյանի կարիերայի 52-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում վանաձորցի բռնցքամարտիկը տարել է 43 հաղթանակ։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում