15:15  +04,  3 մարտի, 2018

Տիգրան Չոբանյան. Գոռ Վարդանյանը հասկանում է, որ իր բիզնեսը շուտով փակվելու է եւ օգտագործում է իր պաշտոնի լծակները

Պահանջում եմ Գոռ Վարդանյանի հրաժարականը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնից, քանի որ նա, օգտագործելով իր պաշտոնը, նախաձեռնում է հայկական սպորտին, մասնավորապես, մարտարվեստներին վնասող գործունեություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

«Վերջերս պարզվել է, որ առանց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի համաձայնության, որպես իրավաբանական անձ՝ գրանցվել է Երեւան քաղաքի ուշուի ֆեդերացիա: Քաղաքային ֆեդերացիայի նախագահ է նշանակվել, նույնպես առանց հանրապետական ֆեդերացիայի հետ համաձայնեցնելու, Երեւանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը: Այս որոշումն ու նշանակումն իրականացրել է Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը, որի նպատակն է մարտարվեստների դաշտում պառակտում առաջացնել եւ ստեղծված իրավիճակը ծառայեցնել իր սեփական, նեղ եւ նենգ շահերին:

Այս շրջանում Սպորտի նախարարությունը պայքարում է հնարավորինս համակարգել մարտարվեստների դաշտը, որտեղ կա գրանցված շուրջ 3000 ֆեդերացիա, իսկ ոմն Գոռ Վարդանյանը որոշել է, որ նախարարության գործունեությունը սխալ է եւ պետք է իր ուզածով լինի:

Այս մտահղացումն ունի մեծ վտանգներ՝ կառաջանան մեծ տարաձայնություններ հանրապետական եւ քաղաքային ֆեդերացիաների միջեւ, ֆեդերացիաների նախագահները ինչ-ինչ հարցերում միմյանց չեն հասկանա, իրար չեն հանդուրժի, ինչի արդյունքում կտուժի սպորտը, մարզիկը:

Հանրապետական ֆեդերացիան քաղաքային ֆեդերացիայի վրա այլեւս որեւէ ազդեցություն չունի, որովհետեւ քաղաքային ֆեդերացիան իրավաբանական անձ հանդիսացող հասարական կազմակերպություն է: Խնդիրը սկսում է կարծրանալ՝ հանրապետական ֆեդերացիան սկսում է արգելել քաղաքային ֆեդերացիաներին մասնակցել իր միջոցառումներին, քաղաքայինի մարզիկներն ու մարզիչները հնարավորություն չունեն աճ ունենալու, քանի որ բացի հանրապետական ֆեդերացիայի միջոցառումներից, չեն կարող մասնակցել նաեւ միջազգային մրցաշարերի:

Արդյունքում՝ լինելու է արտահոսք, քաղաքային ֆեդերացիաները դատարկվելու են: Գոռ Վարդանյանը հենց այս շրջանում որոշեց իրականացնել իր մտահաղացումը եւ նենգորեն այս գործընթացի մեջ ներքաշեց այնպիսի մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն հանրապետական ֆեդերացիայի հետ: Սա միտումնավոր քայլ է:

Ես նրա հետ հանդիպել եմ, խոսել եմ, բացատրել եմ այս մտահղացման վատ հետեւանքները, իսկ նա, իմանալով վտանգների մասին, շարունակում է իր գործողությունները. նշանակում է նրա քայլերում միտում կա եւ անում է դաշտում պառակտումներ, խնդիրներ առաջացնելու համար:

Իմ կարծիքով, նրա միակ նպատակն է՝ ստանալ առաջատարի կարգավիճակ եւ ամբողջ դաշտը ծալել, դնել իր տակ, որովհետեւ իր դոքենդոյի պատմությունը փուչիկ է, խաբեբայություն: Նա արդեն դժվարանում է թաքցնել իր խաբեբայությունը, քանի որ քաղաքացիները աստիճանաբար սկսում են հասկանալ ինչն ինչոց է: Նա շատ լավ հասկանում է, որ իր բիզնեսը շուտով փակվելու է: Հետեւաբար պետք է իրավիճակ փոխի եւ դրա համար օգտագործում է իր պաշտոնի լծակները: Նա իր մարզաձեւով միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն չունի, քանի որ դոքենդո բառը հորինած է, նույնիսկ բառարաններում նման բառով մարտարվեստ չկա: Նրա գոտիների շնորհման արարարողությունը բացահայտ խաբեբայություն է, որովհետեւ չկա միջազգային կազմակերպություն, որն արտոնում է, ստորագրում է այն սերտիֆիկատի տակ, որը շնորհվում է որպես սեւ գոտի կամ ինչ-որ ԴԱՆ-եր: Այսինքն՝ այդ տիտղոսները սուտ են, դրա դիմաց մշտապես կլորիկ գումարներ են կորզվում ծնողներից: Սեմինարների, դասընթացների եւ շատ այլ բաների համար ծնողները մշտապես գումարներ են տալիս, իրենցից պարտադիր պետք է ֆորմա առնես... Սա բիզնես է, որն աստիճանաբար մեռնում է եւ դա արդեն գիտակցում է Գոռ Վարդանյանը, այդ պատճառով էլ գնում է այսպիսի նենգ քայլերի:

Վերջին շրջանում հանրակրթական բոլոր դպրոցներում հրահանգ տրվեց դահլիճները տրամադրել միայն դոքենդոյի ֆեդերացիային, որպեսզի հոսքը շարունակվի դեպի այդ փուչիկ կազմակերպությունը: Այս փաստի շուրջ մեծ աժիոտաժ բարձրացավ, ծնողները դժգոհեցին, նա սկսեց քողարկված իր գործն անել: Մի խոսքով, այս ամենի տակ կա վատ մտադրություն: Նա ոչ մի համոզիչ փաստ ինձ չներկայացրեց, որ քաղաքային ֆեդերացիաներն օգտակար են լինելու:

Ես պահանջում եմ Գոռ Վարդանյանի հրաժարականը Երեւանի քաղաքապետի օգնականի պաշտոնից, քանի որ նա օգտվում է իր պաշտոնի լծակներից եւ վնասում մարտարվեստներին:

Համոզված եմ, որ Տարոն Մարգարյանը ցուցում չի տվել Գոռ Վարդանյանին՝ դիտավորությամբ գործելու ի վնաս հանրապետական ֆեդերացիաների եւ ստեղծել իրավաբանական անձ հանդիսացող քաղաքային ֆեդերացիաներ, որոնք, ի սկզբանե, դատապարտված են դառնալու անվերահսկելի փուչիկներ՝ ավելացնելով խառնաշփոթը մարտարվեստների դաշտում:

Չեմ կարծում, որ իմ բարձրաձայնած խնդիրը լուրջ լուծում կստանա, բայց հույս ունեմ, որ Գոռ Վարդանյանը իր տեղը «կսթրվի» եւ այնպես չէ՝ բոլորն ապուշ են ու չեն հասկանում նրա նպատակները:  Վերջապես, սա հիմարների երկիր չէ»,- ասաց Տիգրան Չոբանյանը:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ «չի ճանաչում Երեւանի ուշուի ֆեդերացիան եւ արգելում է հանրապետական ֆեդերացիայի մարզիչներին ու մարզիկներին անխտիր՝ մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները եւ մարզիկներն, անմիջապես կհեռացվեն ֆեդերացիայի կազմից»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ