16:46  ,  2 մարտի, 2018

Aeroflot open․ Զավեն Անդրիասյանը Հիկարու Նակամուրայի հետ բաժանել է 2-3-րդ տեղերը

Մոսկվայում անցկացված Aeroflot open շախմատային փառատոնի դասական շախմատի մրցաշարից հետո տեղի է ունեցել նաեւ կայծակնային խաղի պայքարը։ Մրցաշարի մասնակիցների թվում էին աշխարհի առաջատար շախմատիստներից Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շախրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Ֆեդոսեեւը, Դմիտրի Անդրեյկինը եւ Aeroflot open-ի  A եւ B մրցաշարերի գրեթե բոլոր մասնակիցները:

18 հնարավորից վաստակելով 15 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել ռուս Յան Նեպոմնյաշչին: Հայաստանի մասնակիցներից մրցաշարում հաջող է հանդես եկել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը վաստակել է 14 միավոր եւ Հիկարու Նակամուրայի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Անդրիասյանի եւ Նակամուրայի բոլոր լրացուցիչ ցուցանիշները հավասար էին:

Կայծակնային շախմատի մրցաշարն անցկացվում էր հետեւյալ մրցակարգով՝ 3 րոպե + 2 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար՝ 9 կրկնակի խաղափուլերով:

Մրցաշարին մասնակցում էին 210 շախմատիստներ, այդ թվում՝ 83 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնում էին 13 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Միրզոյանը եւ Հովհաննես Հակոբյանը, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում