16:40  ,  1 մարտի, 2018

Աշոտ Կարապետյանի դահուկների հետ կապված սկանդալից հետո որոշվել է լուծարել լեռնադահուկի Հայաստանի հավաքականը

Փհենչհան-2018 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի շուրջ ծավալված խնդրի վերաբերյալ մարտի 1-ին ՀԱՕԿ-ում կայացել է նիստ, որը վարել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը 

Նիստի ընթացքում որոշվել է ցրել լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը եւ կազմել նոր հավաքական: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը հեռացման դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սեյրան Հարությունյանը, որը եւս ներկա է եղել ՀԱՕԿ-ի քննարկմանը: Նիստին ներկա են եղել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության անդամները, Ծաղկաձորի քաղաքապետ եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը:

«Մանրամասն քննարկվեց, ներկայացվեց, թե ինչպես է ստացվել, որ մարզիկի գույքը ժամանակին չի հասել իրեն: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը փաստերով ներկայացրեց, որ մարզիկի համար նախապես պատվիրված է եղել գույքը: Խոսք տրվեց նաեւ Աշոտ Կարապետյանին, որն անամոթաբար փորձում էր հերքել իր ասածները: Որոշում կայացվեց հավաքականը ցրել եւ նոր հավաքական ձեւավորել: Կլինի ֆեդերացիայի նիստ, որի ընթացքում լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը կլուծարվի: Կլինեն նոր նշանակումներ: Սա Հրաչյա Ռոստոմյանի ցանկությունն ու կարծիքն էր, դրան դեմ չէր նաեւ մեր ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը: Ամեն բան պարզ կլինի ֆեդերացիայի նիստին: Կլինի նաեւ նոր գլխավոր մարզիչ, քանի որ ես հրաժարվել եմ ավագ մարզիչի պարտականություններից: Ես դեռ Օլիմպիական խաղերից առաջ էի ցանկանում հրաժարական տալ, քանի որ միշտ եղել են ու շարունակվում էին խոսակցությունները, որ ես իմ որդի Հարություն Հարությունյանին եմ առաջ քաշում, եւ որ նրան էի ցանկանում տանել Օլիմպիական խաղերին»,- ասաց Սեյրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում ուշացումով էր սկսել մարզումները, քանի որ մնացել էր առանց դահուկների։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նա Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։

 Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում