15:15  ,  28 փետրվարի, 2018

Արտյոմ Դալաքյան․ Ինձ համար տարբերություն չկար, թե ում հետ եմ մենամարտում

Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 նոկաուտ) պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 50,8 կգ) թափուր չեմպիոնական գոտին նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։ Ամերիկյան Ինգլվուդում կայացած մենամարտում 30-ամյա Դալաքյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Բրայան Վիլորիային։

«Եղան ռաունդներ, որոնցում հասկանում էի, որ մեկ գլուխ բարձր եմ մրցակցից, իսկ երբեմն հավասար մենամարտ էր։ Սակայն ես տրամադրված էի հաղթանակի եւ ինձ համար տարբերություն չկար, թե ում հետ եմ մենամարտում։ Շատ էի ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն։ Մենք 2 ամիս պատրաստվում էինք ճապոնացի մրցակցի հետ մենամարտին, սակայն հետո այնպես ստացվեց, որ նա հրաժարվեց գոտուց։ 5 ամիս պատրաստվում էինք այս մարտին։ Ես արդեն ասել եմ, որ ինձ համար միեւնույն է եւ պատրաստ եմ մենամարտել նաեւ Ճապոնիայում կամ ԱՄՆ-ում։ Նույնը կասեմ նաեւ Ուկրաինայի մասին։ Իհարկե, այստեղ ես տանն եմ, եւ դա մեծ առավելություն է»,- Դալաքյանի խոսքը մեջբերում է XSPORT-ը։

Հիշեցնենք, որ հաղթանակից հետո Արտյոմ Դալաքյանը հայտարարել էր, որ պատրաստ է մենամարտել թեթեւագույն քաշային կարգում մյուս վարկածներով աշխարհի չեմպիոնների հետ։ Այդ քաշային կարգում գոտիները պատկանում են ճապոնացիներ Դաիգո Հիգային (WBC) ու Շո Կիմուրային (WBO) եւ ֆիլիպինցի Դենի Նյետեսին (IBF)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում