14:16  ,  26 փետրվարի, 2018

Փաշիկ Ալավերդյան․ Անդրանիկ Կարապետյանը զրո ստանալու իրավունք չուներ

Մարտի 26-ին վերջապես Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից կստանանք մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթը, որտեղ, հույս ունեմ, գրված կլինի, որ հունիսի 19-ից Հայաստանի հավաքականներնն ազատված են որակազրկումից եւ մենք կվերսկսենք մեր մրցաշարերը եւ հանգիստ սրտով կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ խոսելով Հայաստանի որակազրկման մասին եւ ամփոփելով Հայաստանի առաջնությունը։

«Մենք բոլորս հույս ունենք, որ շատ շուտով կազատվենք որակազրկումից: Իրականում, սա որակազրկում չէ, սա միջազգայյին ֆեդերացիայի հետ մեր կապի ժամանակավոր կասեցումն է: Քանի որ մինչեւ օրս Հայաստանի հավաքականները մշտապես մաքուր են եղել, միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ժամանակավոր կասեցումներն ավարտել վաղաժամ: Մեծահասակների հավաքականին 10 ամսից, իսկ երիտասարդական եւ պատանեկան հավաքականներինը` 8 ամսից: Մեր ժամկետները լրանում են հունիսի 19-ին, եւ եթե ամեն ինչ հաջող ընթանա, մենք այդ օրվանից լիարժեք ազատ կլինենք: Օգոստոսի 20-ից արդեն կկարողանանք մասնակցել բոլոր միջազգային մրցաշարերին: Այս տարվա մեր նպատակը լինելու է աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն խաղարկվելու են օլիմպիական վարկանիշներ:

Օրերս կայացավ Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներից գոհ եմ: Միայն շատ դժգոհ եմ Անդրանիկ Կարապետյանից, քանի որ նա իրավունք չուներ զրո ստանալ: Կարծում եմ՝ կան այդ տղայի ուղեղի հետ կապված խնդիրներ, որոնք դեռ կպարզենք: Տղաների ֆիզիկական պատրաստվածությունն ինձ բավարարում է, եւ ես ունեմ ժամանակ նրանց կիլոգրամներն ավելացնելու համար: Վստահ կարող եմ ասել, որ եթե մենք հնարավորություն ունենայինք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, Հայաստանի առաջնության արդյունքներով, միանշանակ, կմասնակցեինք մեդալային պայքարին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը կազատվի որակազրկումից միայն այն դեպքում, եթե լիարժեք կատարի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված պայմանագրի 20-22 կետերը:

«Օրինակ՝ մենք իրավունք չունենք առանց WADA-ի եւ միջազգային ֆեդերացիայի իմացության փոխել մեր հավաքների վայրը: Նրանք առանց զգուշացնելու կարող են իրենց ներկայացուցիչներին ուղարկել դոպինգ անալիզներ վերցնելու, եւ եթե հավաքին մասնակցող ծանրորդներից որեւէ մեկը հավաքի վայրում չլինի ու երկու ժամվա ընթացքում նրան չգտնեն, ուրեմն այդ մարզիկը համարվում է «բռնված», մենք էլ՝ պայմանագրի կետերը խախտած: Եվ այսպես մի շարք կետեր, որոնք պատշաճ իրականացնելու դեպքում միայն մենք կազատվենք որակազրկումից, իսկ խախտելու դեպքում մեզ եւս երկու տարի կորակազրկեն, եթե ոչ ավելի»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Փաշիկ Ալավերդյանը նաեւ հայտնեց, որ աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը որոշել է ավարտել ծանրորդի կարիերան։

«Նազիկը հայտարարել է, որ ավարտում է կարիերան եւ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ»,- նշեց մարզիչը։

Հիշեցնենք, որ Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացված ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության 85 կգ քաշային կարգում անհաջող էր հանդես եկել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գրանցել էր լավագույն արդյունքը (165 կգ), սակայն հրում վարժությունում զրո էր ստացել։ Առաջին մոտեցումով նա չէր կարողացել բարձրացնել 181 կգ, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ՝ 185 կգ։ Երրորդ մոտեցումից Անդրանիկը հրաժարվել էր եւ զրո ստացել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում