01:11  ,  26 փետրվարի, 2018

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները՝ Ալբանիայի նկատմամբ հաղթանակի մասին

Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստներ Ալին Հեսը, Լուկաս Ֆիշերը, Անդրանիկ Չրաբաշը եւ Արագադ Աբրամյանը մեկնաբանել են 2021թ․ Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երրորդ տուրի խաղում Ալբանիայի թիմի նկատմամբ վստահ հաղթանակը 84։65 հաշվով, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Ալին Հես («Բազել Ստարվինգս», Շվեցարիա). «Ցուցադրեցինք հրաշալի թիմային խաղ եւ տարանք թիմային հաղթանակ: Կարողացանք լավ աշխատել եւ ճնշում գործադրել մրցակցի վրա: Շատ շնորհակալ ենք երկրպագուներին։ Իսկապես, նրանք հրաշալի էին, անբացատրելի մթնոլորտ էր: Միշտ էլ հաճելի է խաղալ հարազատ երկրպագուների աջակցությամբ: Կարծում եմ` մենք դեռ հնարավորություն ունենք որակավորելու Եվրոպայի առաջնության համար»:

Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա). «Պարզապես հրաշալի խաղացինք: Գիտեինք մեր մրցակցին, քանի որ նախորդ տարի եւս մրցել էինք նրանց հետ: Մեր երկրպագուները ֆանտաստիկ են: Կարծում եմ` մեծ հնարավորություն ունենք հաղթահարել այս փուլը»:

Արագադ Աբրամյան («Մասիս», ԱՄՆ). «Առաջին անգամ էի խաղում Հայաստանի հավաքականի կազմում: Ինձ շատ լավ էի զգում: Անսահման ուրախ եմ Հայաստանի հավաքականում հանդես գալու համար: Ինձ զգում էի ինչպես տանը: Հուզմունք չունեի, ուզում էի լավ խաղ ցուցադրել, արդյունավետ խաղալ հավաքականի համար: Թիմի տղաները բոլորն էլ շատ լավն են, մենք միանգամից ընկերացանք: Հեշտ էր նրանց հետ խաղալը: Գտնում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Կարեւորն այն է, որ մեզ հաջողվեց հաղթել»:

Անդրանիկ Չրաբաշ («Օկապի Աալսթար», Բելգիա). «Անսահման էներգիա կար մարզադահիճում եւ ամբողջ խաղի ընթացքում մենք այդ էներգիայի ներքո էինք խաղում: Ուղղակի հրաշալի էր: Բոլորս էլ գոհ ենք մեր գրանցած արդյունքից: Ալբանացիները բարդ մրցակից են: Պարզապես փորձեցինք միասնական ու թիմային խաղ ցուցադրել»:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեկ խաղ պակաս անցկացրած դանիացիներն ունեն 4 միավոր, իսկ 3 պարտություն կրած Ալբանիան՝ 3։

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում առաջին տեղ գրաված թիմերը եւ երկրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով մեկ հավաքական:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում