23:58  ,  25 փետրվարի, 2018

«Արցախի» մարզիչ․ Հովհաննես Գոհարյանը համագործակցում է մեր թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Արցախի» մարզչական շտաբը հունվարին համալրել էր Աշոտ Խաչատրյանը: «Ուլիսի», «Միկայի», «Կիլիկիայի» եւ «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստն ակումբում աշխատում է որպես ֆիզպատրաստության մարզիչ։ NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ մասնագետի հետ, որը 2016-ից աշխատում է նաեւ Multi Wellness Center համալիրում՝ որպես որակավորված ֆիթնես մարզիչ:

Դու բավական շուտ ավարտեցիր ֆուտբոլիստի կարիերան, իսկ վերջին շրջանում աշխատում էիր որպես ֆիթնես մարզիչ։ Ի՞նչը ստիպեց վերադառնալ ֆուտբոլ։

2013 թվականին բավական երիտասարդ տարիքում որոշեցի ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ Չեմ ցանկանա խոսել պատճառների մասին, միայն կասեմ, որ հնարավորություններս թույլ տալիս էին խաղալ գոնե Հայաստանի առաջնությունում։ Խնդիրը մտածելակերպիս ու սկզբունքներիս մեջ էր։ Դա շատ բարդ որոշում էր, քանի որ 6 տարեկանից հաճախում էի մարզումների, ապրում ֆուտբոլով ու չէի պատկերացնում կյանքս առանց դրա։ Կարիերաս ավարտելուց հետո միշտ մտածում էի, որ կգա մի օր եւ կվերադառնամ ֆուտբոլ ու իմ գիտելիքներով օգտակար կլինեմ հայկական ֆուտբոլին։ «Արցախից» ստացած առաջարկի վերաբերյալ երկար չմտածեցի։

Առաջնությունում ձմեռային դադարի ժամանակ «Արցախը» չունեցավ արտասահմանյան հավաքներ եւ մարզվում էր Երեւանում։ Ի՞նչպես կգնահատես թիմի նախապատրաստական փուլը։

Չունեցանք արտասահմանյան հավաք, սակայն թիմը Երեւանում էլ անցավ այն նախապատրաստական փուլը, որը ծրագրել էինք։ Մարզումային գործընթացը գոհացնող էր, ֆուտբոլիստները կատարեցին լավ աշխատանք։ Միակ ցավալի փաստն այն էր, որ խաղացողներից շատերը վնասվածքներ ստացան ստուգողական խաղերի ժամանակ եւ որոշ ժամանակով հետ մնացին մարզումներից։ Սակայն հիմա բոլորն էլ պատրաստ են դաշտ դուրս գալուն, եւ մենք պատրաստվում են «Լոռիի» հետ առաջիկա խաղին։

Այս ձմռանը «Արցախին» միացան մի շարք նորեկեր, այդ թվում՝ մեծ թվով լեգեոնականներ։ Ինչպիսի՞ տպավորություն են թողնում նրանք։

Ձմռանը թիմի մարզչական շտաբը բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն ընձեռնեց ցուցադրել իրենց կարողությունները, ինչից հետո ընտրություն կատարեցինք։ Թիմում մնացին այն ֆուտբոլիստները, որոնք կարող են օգտակար լինել թիմին։

Վերջերս «Արցախում» տեղի ունեցավ գլխավոր մարզիչի փոփոխություն։ Տիգրան Եսայանի եւ Արմեն Սանամյանի աշխատելաոճերը շա՞տ են տարբերվում։

Տիգրան Եսայանի հետ շատ կարճ աշխատեցի, սակայն միայն դրական բաներ կարող եմ ասել։ Նա մեծ դերակատարում ունեցավ թիմի նապատատրաստություն անցնելու հարցում։ Եթե ստացվի, հետագայում հաճույքով կհամագործակցեմ նրա հետ։ Արմեն Սանամյանին ճանաչում եմ երկար տարիներ։ Նաեւ խաղացել եմ նրա գլխավորությամբ, եւ լավ ծանոթ եմ նրա ֆուտբոլային փիլիսոփայությանն ու սկզբունքներին։ Կարծում եմ՝ մեծ հաջողությունների կհասնենք Սանամյանի հետ։

«Արցախի» վերջին ստուգողական խաղերին հաճախ ներկա էր լինում Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Գոհարյանը։ Արդյո՞ք նա համագործակցում է թիմի հետ։

Այո, Հովհաննես Գոհարյանն այժմ ֆուտբոլային գործակալ է եւ համագործակցում է մեր թիմի հետ։ Այս ձմռանը թիմին միացած ռուս խաղացողներին նա է բերել Հայաստան։

Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, «Արցախը» հաջորդ մրցաշրջանում խաղալու է Հայաստանի Բարձրագույն խմբում։ Ըստ քեզ՝ այս պահին թիմը որքանով է պատրաստ ուժեղագույնների լիգայում խաղալուն եւ ինչի՞ համար կարող է պայքարել այնտեղ։

Թիմը միշտ պայքարելու է առավելագույնին հասնելու համար՝ անկախ նրանից, թե որ լիգայում է հանդես գալիս։ Այս պահին թիմի առջեւ դրված է առաջին տեղով Բարձրագույն խումբ դուրս գալու խնդիր, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը։

Միջազգային խաղերից հետո հայ մարզիչների կողմից հաճախ հնչող արտահայտություն է, որ մեր ֆուտբոլիստները մրցակցին զիջում են ֆիզիկապես եւ պատրաստ չեն բարձր տեմպով խաղալուն։ Ի՞նչն է հայ ֆուտբոլիստներին խանգարում գոնե ֆիզիկապես չզիջել արտասահմանցի մրցակիցներին։

Ֆիզիկական պատրաստվածությամբ մեր ֆուտբոլիստները հաճախ զիջում են մրցակիցներին։ Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե ֆուտբոլիստների մեջ է, այլ՝ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների։ Պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք դրան։ Ճիշտ կլիներ, որ նաեւ թիմերում լինեն հատուկ ֆիզպատրաստության մարզիչներ, որպեսզի աշխատանքը լինի ավելի արդյունավետ։ Ըստ ինձ՝ պետք է հատուկ դասընթացներ կազմակերպվեն ֆիզպատրաստության գծով լավ մասնագետներ ունենալու համար։ Այդ դեպքում արդյունքը երկար սպասել չի տա։

Դու մասնագիտությամբ կինեզոլոգ ես եւ ուսումնասիրել ես նաեւ մարզական բժշկություն, իսկ վերջին շրջանում աշխատում ես նաեւ որպես ֆիթնես մարզիչ։ Այդ 2 գործոնները քեզ օգնո՞ւմ են ֆուտբոլային մարզիչի աշխատանքում։

Միանշանակ, գիտելիքներս օգնում են, քանի որ եթե դու աշխատում ես մարդու հետ եւ գիտես մարդու անատոմիան եւ ֆիզիոլոգիան, ունես գիտելիքներ բժշկությունից, աշխատանքն ավելի հեշտ է դառնում։ Գումարած դրան՝ ավելի հեշտ եմ կարողանում հասկանալ խաղացողներին, քանի որ ինքս խաղացել եմ ֆուտբոլ։

Քո կարիերայում հանդիպած մարզիչներից ո՞ւմ կառանձնացնես։

Կարիերայիս ընթացքում աշխատել եմ շատ մարզիչների հետ, եւ յուրաքանչյուրից ինչ-որ բան եմ սովորել, ինչի համար շնորհակալ եմ բոլորին։ Մանկապատանեկան ֆուտբոլում կառանձնացնեմ Արթուր Ղազեյանին, իսկ մեծահասակների մակարդակում՝ Արմեն Շահգելդյանին։ Նրանից շատ բան եմ սովորել, եւ հիմա էլ այդ ամենն օգտագործում եմ աշխատանքում։ Երկուսն էլ ասում էին, որ մի օր մարզիչ եմ դառնալու, սակայն այն ժամանակ չէի մտածում այդ մասին։ Հիմա, երբ մարզիչ եմ դարձել, հասկանում եմ, որ նրանք իմ մեջ տեսել էին այդ որակները։

Ֆոտո՝ «Արցախի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում