11:51  ,  25 փետրվարի, 2018

Արտյոմ Դալաքյանը՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն

Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 նոկաուտ) նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով թեթեւագույն քաշային կարգի (մինչեւ 50,8 կգ) թափուր չեմպիոնական գոտին։

Ամերիկյան Ինգլվուդում կայացած մենամարտում 30-ամյա Դալաքյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Բրայան Վիլորիային։

Արտյոմը նկատելի առավելություն է ունեցել ամբողջ մենամարտի ընթացքում, իսկ նրա մրցակիցը հաղթել է միայն մեկ ռաունդ։ Երեք մրցավարներն էլ առավելությունը տվել են հայ բռնցքամարտիկին՝ 118:109, 118:109, 118:109։

Հաղթանակից հետո Արտյոմ Դալաքյանը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել թեթեւագույն քաշային կարգում մյուս վարկածներով աշխարհի չեմպիոնների հետ։ Այդ քաշային կարգում գոտիները պատկանում են ճապոնացիներ Դաիգո Հիգային (WBC) ու Շո Կիմուրային (WBO) եւ ֆիլիպինցի Դենի Նյետեսին (IBF)։

Այս մենամարտի համար 2 բռնցքամարտիկիները կստանան 25 հազարական դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում