17:15  ,  23 փետրվարի, 2018

«Ալաշկերտի» նորեկ Ռուստամ Վազիտդինով․ Չեմպիոնների լիգայում խաղալը մեծ իրադարձություն կլինի ինձ համար

Պերմի «Ամկարից» վարձավճարով Երեւանի «Ալաշկերտ» տեղափոխված ռուսաստանցի պաշտպան Ռուստամ Վազիտդինովը պատմել է տպավորությունների մասին։

«Հասկանում էի, որ «Ամկարի» երիտասարդական թիմում մնալն այնքան էլ ճիշտ չէր։ Միեւնույն ժամանակ, իմ ապագան կապում եմ «Ամկարի» հետ, սակայն գործակալներիս չհաջողվեց գտնել վարձակալության համար համապատասխան տարբերակներ։ Այնպես որ, այս առաջարկը շատ հարմար էր։ «Ալաշկերտում» խաղում են փորձառու ֆուտբոլիստներ ու հավաքականի խաղացողներ, եւ նրանց հետ մրցակցությունը խթան կլինի ինձ համար։ Բացի այդ, ունեմ թիմի հետ չեմպիոնական տիտղոս նվաճելու եւ Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն։ Եթե հաջողվի խաղալ այդ մրցաշարում, դա մեծ իրադարձություն կլինի ինձ համար։ Մեծ անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի հետ հանդիպելուն։ Շատ եմ լսել Հայաստանի մասին եւ շատ ուրախ եմ, որ կարող եմ ավելի լավ ծանոթանալ այդ երկրի հետ»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ամկարի» կայքը։

Հիշեցնենք, որ Ռուստամ Վազիտդինովը «Ալաշկերտում» նորամուտը նշել էր ռուսական «Օլիմպիեցի» հետ ստուգողական խաղում, որը նախօրեին տեղի էր ունեցել թուրքական Բելեկում անցկացվող հավաքի ընթացքում։ 

Վազիտդինովն «Ամկարի» երիտասարդական թիմի ավագն է ու առաջատարներից մեկը։ Նա թիմին միացել է 2014-ի մարտին, երբ 17 տարեկան էր։ Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում պաշտպանը մասնակցել է 87 խաղի եւ խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում