11:47  ,  22 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Հայ մարզիկների ելույթների ամփոփում

Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։

Փհենչհան-ում Հայաստանի թիմն ուներ 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։

Առաջինը պայքարի մեջ մտավ 18-ամյա Միքայել Միքայելյանը, որը փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Փետրվարի 16-ին Միքայելն ուժերը փորձեց նաեւ 15 կմ դասական ոճում, որում զբաղեցրեց 83-րդ տեղը։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կատյա Գալստյանը պայքարի մեջ մտավ փետրվարի 15-ին։ Սոչի-2014-ի մասնակիցը հանդես եկավ դահուկավազքի 10 կմ դասական ոճում եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։

Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց 18-ամյա Աշոտ Կարապետյան, որը փետրվարի 22-ին հանդես եկավ լեռնադահուկային սպորտում։ Հատուկ ոլորավայրէջքում (2 փորձ) հայ մարզիկը 2:08.08 արդյունքով հայտնվեց 42-րդ տեղը։ Գուցե Կարապետյանի ելույթն ավելի հաջող կլիներ, եթե նա Փհենչհանում առանց դահուկների մնալու պատճառով բաց չթողներ մի քանի մարզումային օրեր։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Խաղերը կավարտվի փետրվարի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում