10:58  ,  22 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանն ավարտեց ելույթը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին ելույթն ավարտեց Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը, որը հանդես եկավ լեռնադահուկային սպորտում։

Հատուկ ոլորավայրէջքում (2 փորձ) հայ մարզիկը 2:08.08 արդյունքով գրավեց 42-րդ տեղը։ 18-ամյա Կարապետյանը հաջող կատարեց թե՛ առաջին փորձը (50) 1:02.47, թե՛ երկրորդ (41) 1:05.61։ Մրցմանը մասնակցեցին 108 լեռնադահուկորդներ, սակայն նրանցից միայն 43-ը կարողացան հաջողությամբ ավարտել ելույթը։

Այս մրցաձեւում օլիմպիական չեմպիոն դարձավ շվեդ Անդրե Մյուրերը, որը գրանցեց 1.38,99 արդյունք։ Շվեյցարացի Ռամոն Ցոյհոնզերը գրավեց երկրորդ տեղը (+0,34), իսկ Ավստրիան ներկայացնող Միկայել Մատը (+0,67) դարձավ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում ուշացումով էր սկսել մարզումները, քանի որ մնացել էր առանց դահուկների։ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նա Փհենչհանից հայտնել էր, որ Օլիմպիական խաղերի համար նոր մարզագույք չի ստացել, չունի դահուկներ ու կոշիկ։ Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել ընկերոջ դահուկներով, որոնք Փհենչհանում կոտրվել էին մարզման ժամանակ։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Կարապետյանի նոր դահուկները Փհենչհան էին հասցրել միայն փետրվարի 15-ին։

Փհենչհան-2018-ում Հայաստանի մյուս 2 ներկայացուցիչներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը հանդես էին եկել դահուկային սպորտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում