19:48  ,  21 փետրվարի, 2018

Սերենա Ուիլյամս. Ծննդաբերությունից հետո 6 օր մահամերձ էի

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ դստեր ծննդից հետո 6 օր եղել է մահամերձ վիճակում եւ միայն բժիշկների պրոֆեսիոնալ թիմի եւ ժամանակակից սարքավորումներով հիվանդանոցի շնորհիվ է ողջ մնացել:

«Ծննդաբերությունը լավ անցավ, սակայն հաջորդ վեց օրերը մղձավանջ էին: Ամեն ինչ սկսվեց թոքերի էմբոլիայից, որը հանգեցրեց լուրջ բարդացումների: Ուժեղ հազի պատճառով բացվեցին կեսարյան հատման կարերը: Բժիշկները որովայնիս մեջ հայտնաբերեցին մեծ հեմատոմա: Տրոմբն ամեն վայրկյան կարող էր հայտնվել թոքերիս մեջ:

Շատ շնորհակալ եմ, որ անհավանական պրոֆեսիոնալ բժշկական թիմի վերահսկողության տակ էի ամենաժամանակակից սարքավորումներով: Նրանք հստակ գիտեին՝ ինչպես հաղթահարել այդ ամենը: Եթե չլիներ նրանց պրոֆեսիոնալիզմը, ես հիմա ողջ չէի լինի»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է CNN-ը:

Ուիլյամսը մտադիր է կորտ վերադառնալ այս տարի: Նա հայտարարել է, որ կմասնակցի Ինդիան Ուելսի, Մայամիի, Մադրիդի, Հռոմի մրցաշարերին, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնություններին, Ուիմբլդոնի մրցաշարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում