16:04  ,  20 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Ամերիկացիներին զվարճացրել է ռուս քյորլինգիստի՝ դոպինգի վրա «բռնվելու» փաստը

Ամերիկյան NBC ալիքի «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի» հետ հաղորդման վարողը հումորային անդրադարձ է կատարել Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ռուս քյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկու մոտ հայտնաբերված դոպինգին։ Ռուս մարզիկի մոտ հայտնաբերվել էր մելդոնիում արգելված դեղամիջոցը։ Փհենչհան-2018-ի քյորլինգի մրցաշարի զուգախաղում Կրուշելնիցկին բրոնզե մեդալ էր նվաճել իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ։

«Օլիմպիական խաղերում ոչ մեծ սկանդալ է։ Ռուս քյորլինգիստը ձախողել է դոպինգ թեստը եւ նրան մեղադրում են խարդախության մեջ։ Անկեղծ ասած, երբեք չէի մտածի, որ դոպինգը կարող է անդրադառնալ քյորլինգում։ Նայեք այդ տղային, ահա տեսանյութը։ Ոչ, դա անարդար է»,- ասել է հաղորդման վարող Ջիմի Ֆելոնը։

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ Ալեքսանդր Կրուշելնիցկու մոտ հայտնաբերվել են արգելված խթանիչներ։

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մարզիկները Փհենչհան-2018-ում հանդես են գալիս չեզոք դրոշի տակ եւ ներկայացված են «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն օլիմպիական օղակներն են: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել էր Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում