11:50  ,  19 փետրվարի, 2018

Ֆեդերերը դարձավ պատմության ամենատարեց առաջին ռակետը

5.5 տարվա ընդմիջումից հետո Ռոջեր Ֆեդերերը դարձյալ գլխավորեց թենիսի համաշխարհային դասակարգումը։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) փետրվարի 19-ին հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը։

Ռոտերդամում նախօրեին ավարտված ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելուց հետո 36-ամյա Ֆեդերերը շրջանցել է իսպանացի Ռաֆայել Նադալին եւ դարձավ պատմության ամենատարեց առաջին ռակետը։ Նա գերազանցեց ամերիկահայ Անդրե Աղասիի ռեկորդը (33 տարեկան, 133 օրական):

Ռոջեր Ֆեդերերը ATP-ի դասակարգումն առաջին անգամ գլխավորել է 2004 թվականի փետրվարի 2-ին։ Նախորդ անգամ նա առաջին ռակետ եղել էր 5.5 տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին։ Մինչեւ այս ոչ մի թենիսիստի չէր հաջողվել ATP-ն դարձյալ գլխավորել այդպիսի մեծ ընդմիջումից հետո։ Անդրե Աղասիին դա անել հաջողվել էր 3 տարի 142 օր անց։

Շվեյցարացի թենիսիստը նաեւ կթարմացնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում գտնվելու սեփական ռեկորդը՝ այն հասցնելով նվազագույնը 304 շաբաթ։ Ֆեդերերն առաջին տեղում կմնա նվազագույնը մինչեւ Ինդիան Ուելսի մրցաշարը։

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 10 105 միավոր
2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9760
3 (3). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 4960
4 (5). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) -  4635
5 (4). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 4450
6 (6). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4220
7 (7). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3280
8 (8). Ջեկ Սոկ (ԱՄՆ) -  2880
9 (11). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 2825
10 (9). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 2815
47 (48). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1030

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում