01:37  ,  19 փետրվարի, 2018

«Ռեալը» գոլառատ խաղում հաղթեց Սեւիլիայում

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում 5։3 հաշվով առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ։

Արքայական ակումբն ակտիվ սկսեց խաղը եւ 11-րդ րոպեին բացեց հաշիվն իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսում «Բետիսն» աստիճանաբար ստացավ առավելություն, իսկ վերջնամասում խփեց 2 գոլ։ 34-րդ րոպեին հաշիվը 1։1 դարձրեց ալժիրցի կիսապաշտպան Աիսա Մանդին, որի գոլից 3 րոպե հետո «Ռեալի» պաշտպան Նաչոն գրավեց սեփական դարպասը։ Թիմերն ընդմիջման գնացին 2։1 հաշվի ժամանակ։

Երկրորդ խաղակեսում մադրիդցիներն ունեին նկատելի առավելություն եւ սկզբնամասում խփեցին 3 գոլ։ 50-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 9 րոպե անց Ասենսիոն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով «Ռեալի» 6000-րդ գոլն Իսպանիայի առաջնությունում։ 63-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2։4, ինչից հետո հյուրերը նվազեցրին ճնշումը մրցակցի դարպասի մոտ։ Վերջնամասում ակտիվացած «Բետիսը» 85-րդ րոպեին կրճատեց հաշիվը, սակայն փոխարինման դուրս եկած Քարիմ Բենզեման ավելացված ժամանակում նաեւ 5-րդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը՝ վերջակետ դնելով խաղին։

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 45 միավորով չորրորդ տեղում է եւ 17 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»։ Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 55 միավոր, իսկ «Վալենսիան»՝ 46։ «Բետիսը» 33 միավորով 9-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»՝ 3:5

Աիսա Մանդի, 34, Նաչո, 37 (ինքնագոլ), Սերխիո Լեոն, 85 – Մարկո Ասենսիո, 11, 59, Սերխիո Ռամոս, 50, Կրիշտիանու Ռոնալդու, 63, Քարիմ Բեզեմա, 90+2

«Էսպանյոլ» - «Վիլյառեալ»՝ 1։1

Էստեբան Գրաներո, 85 – Ռոդրիգո Հերնանդես, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում