20:52  ,  18 փետրվարի, 2018

Ռոջեր Ֆեդերերի 97-րդ տիտղոսը

Հոլանդական Ռոտերդամում ավարտված թենիսի ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը։

Եզրափակիչում 36-ամյա շվեյցարացի թենիսիստը 6։2, 6։2 հաշվով առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 56 րոպե։

Սա Ռոջեր Ֆեդերերի 97-րդ տիտղոսն էր կարիերայում եւ երկրորդն այս մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ Ռոջեր Ֆեդերերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում կշրջանցի իսպանացի Ռաֆայել Նադալին եւ կդառնա աշխարհի առաջին ռակետ։

Փետրվարի 19-ին Ֆեդերերը կդառնա պատմության ամենատարեց առաջին ռակետը (36 տարեկան, 195 օրական): Նա կգերազանցի ամերիկահայ Անդրե Աղասիի ռեկորդը (33 տարեկան, 133 օրական):

Ռոջեր Ֆեդերերը ATP-ի դասակարգումն առաջին անգամ գլխավորել է 2004 թվականի փետրվարի 2-ին։ Նախորդ անգամ նա առաջին ռակետ եղել էր 5 տարի առաջ՝ 2012 թվականի հոկտեմբերի 4-ին։ Մինչեւ այս ոչ մի թենիսիստի չէր հաջողվել ATP-ն դարձյալ գլխավորել այդպիսի մեծ ընդմիջումից հետո։ Անդրե Աղասիին դա անել հաջողվել էր 3 տարի 142 օր անց։

Շվեյցարացի թենիսիստը նաեւ կթարմացնի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում գտնվելու սեփական ռեկորդը՝ այն հասցնելով նվազագույնը 304 շաբաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում