11:16  ,  16 փետրվարի, 2018

Մխիթարյանը «Էստերսունդի» նկատմամբ հաղթանակի մասին, Վենգերը՝ Հենրիխի խաղի

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով։

«Կարծում եմ՝ մրցակցի համար սա առաջին խաղն էր վերջին շրջանում։ Մեզ մոտ մրցաշրջանը թեժ փուլում է, այդ պատճառով լավ մարզավիճակում ենք։ Կարող եմ ասել, որ «Էստերսունդն» ունի լավ թիմ, սակայն 2 արագ գոլերն օգնեցին մեզ։ Արդյոք պայքարելո՞ւ ենք Եվրոպայի լիգայում հաղթելու համար․ ինչու ոչ։ Մենք հաղթանակի համար ենք խաղում յուրաքանչյուր խաղում։ Չեմ կարծում, որ «Էստերսունդի» հետ դիմակայության ելքը վճռված է։ Պետք է չկորցնենք կենտրոնացվածությունը։ Յուրաքանչյուր հաղթանակ վստահություն է տալիս։ Տանը եւս կխաղանք հաղթանակի համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի ավագի խաղին անդրադարձել է նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

«Մխիթարյանը մեծ ձգտում էր դրսեւորում, եւս սա դրական ելույթ էր։ Նա աստիճանաբար հարմարվում է թիմում, եւ անցկացրեց լավ հանդիպում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում։

Ֆոտո՝ twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս