20:14  ,  15 փետրվարի, 2018

Անպարտելի Արսեն Գուլամիրյանը կմենամարտի WBA Regular տիտղոսի համար

Ֆրանսիայում բնակվող 30-ամյա Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBA Regular տիտղոսի համար կմենամարտի կոտդիվուարցի Ռիյադ Մերհիի հետ, որը ներկայացնում է Բելգիան:

Այս գոտին պատկանում էր կուբացի Յունիեր Դորտիկոսին, որը պարտվել է ռուսաստանցի Մուրատ Գասիեւին: WBA-ի կանոններով տիտղոսը չէր կարող բաժին հասնել Գասիեւին, քանի որ նա ուներ IBF-ի տիտղոս, գրում է sovsport-ը:

Գուլամիրյանն ու Մերհին WBA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են առաջին եւ երկրորդ տեղերը համապատասխանաբար: Այս դիմակայության հաղթողը 120 օրում պետք է մենամարտի վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Մաքսիմ Վլասովի հետ:

Պրոֆեսիոնալ ռինգում 22 մենամարտ անցկացրած Արսեն Գուլամիրյանը շարունակում է անպարտելի մնալ: 22 հաղթանակներից 14-ում նա առավելության է հասել նոկաուտով:

Հիշեցնենք, որ Արսեն Գուլամիրյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ֆրանսիայի հավաքականի 90 կգ քաշային կարգում ուղեգիր նվաճած միակ օլիմպիականն էր, սակայն չէր մասնակցել Օլիմպիական խաղերին: Նա նաեւ երեք անգամ դարձել է Ֆրանսիայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում