13:40  ,  15 փետրվարի, 2018

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) փետրվարի 15-ին ներկայացրել է դասակարգման նոր աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան եւ 91-րդ տեղում է։ Նախորդ հրապարակումից հետո Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել եւ դարձյալ ունի 383 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում փոփոխություններ չկան։ Դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն ու Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան չորրորդն է, իսկ բելգիացիները 5-րդ տեղում են: Լավագույն տասնյակում են նաեւ Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ 2 ընկերական խաղերն անցկացնելու է այս տարվա մարտին Երեւանում։ Մարտի 24-ին մրցակիցը կլինի Էստոնիան, իսկ մարտի 27-ին՝ Լիտվան։ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Էստոնիան 87-րդն է, իսկ Լիտվան 147-րդ տեղում է։

Հայկական թիմը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում