01:35  ,  15 փետրվարի, 2018

«Ռեալը» տանը հաղթեց ՊՍԺ-ին՝ 3:1, «Լիվերպուլը» 5 գոլ խփեց «Պորտուին»

Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրին Մադրիդի «Ռեալն» ու Փարիզի ՊՍԺ-ն եւ պորտուգալական «Պորտուն» ու անգլիական «Լիվերպուլը»:

Մադրիդում ՊՍԺ-ն առաջինը հասավ հաջողության: 33-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն: Խաղակեսի վերջին րոպեին «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայքարում:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Ռեալի» բազմաքայլ գրոհը գոլով ավարտեց Ռոնալդուն, որը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեկ թիմում 100 եւ 101 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը:

Երեք րոպե անց բրազիլացի պաշտպան Մարսելոն իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 3:1:

Օրվա մյուս խաղում «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Պորտուգալիայում մրցեց «Պորտուի» հետ եւ գործնականում ապահովեց տեղը քառորդ եզրափակիչում: Անգլիական թիմն առավելության հասավ 5:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն: Աչքի ընկան նաեւ եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 6-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) - ՊՍԺ (Փարիզ, Ֆրանսիա)՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 45, 11մ, 83, Մարսելո, 86 - Ադրիեն Ռաբիո, 33

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:5

Սադիո Մանե, 25, 53, 85, Մոհամեդ Սալահ, 29, Ռոբերտո Ֆիրմինո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում