01:34  ,  14 փետրվարի, 2018

«Յուվենտուսը» բաց թողեց 2 գոլի առավելությունը «Տոտենհեմի» հետ խաղում, «Մանչեսթեր Սիթին» շանս չտվեց «Բազելին»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց 1/8 եզրափակիչը: Առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմին» եւ բաց թողեց երկու գոլի առավելությունը: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Արդեն երկրորդ րոպեին «Յուվենտուսի» բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը բացեց հաշիվը:

9-րդ րոպեին հյուրերի ուելսցի պաշտպան Բեն Դեւիսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները իտալացի հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի նկատմամբ եւ 11 մետրանոցը հստակ իրացրեց Իգուաինը:

Մինչեւ ընդմիջում Անգլիայի փոխչեմպիոնները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը գրավեց իտալացի Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը:

Ավելացված երկրորդ րոպեին դարձյալ 11 մետրանոց նշանակվեց «Տոտենհեմի» դարպասին, սակայն Իգուաինն այս անգամ վրիպեց: Բրազիլացի պաշտպան Դուգլաս Կոստայի դեմ խաղում խախտումը թույլ էր տվել կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն:

Երկրորդ խաղակեսում «Տոտենհեմը» կարողացավ հավասարեցնել հաշիվը դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի փայլուն իրացրած տուգանային հարվածի շնորհիվ՝ 2:2:

Օրվա մյուս խաղում Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» Շվեյցարիայում հյուրընկալվեց «Բազելին» եւ առանց խնդիրների պարտության մատնեց 4:0 հաշվով: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն արդեն առաջին խաղակեսում երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան եւ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Գյունդոգանը երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 7-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2

Գոնսալո Իգուաին, 2, 9, 11մ – Հարի Քեյն, 35, Կրիստիան Էրիկսեն, 71

Չիրացրած 11մ՝ Իգուաին, 45+2

«Բազել» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:4

Իլկայ Գյունդոգան, 14, 53, Բեռնարդու Սիլվա, 18, Սերխիո Ագուերո, 23

Ֆոտո՝ twitter.com/juventusf

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում