21:35  ,  12 փետրվարի, 2018

«Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավարը պատմել է, թե ինչու է լոնդոնյան ակումբը տարիներ առաջ հրաժարվել Հարի Քեյնից

«Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավար Լիամ Բրեյդին պատմել է, թե ինչու լոնդոնյան ակումբը տարիներ առաջ չի պահել «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնին։ «Արսենալն» անգլիացի հարձակվողից հրաժարվել է, երբ նա 8 տարեկան էր։

«Նա մի քիչ գեր էր եւ այնքան էլ սպորտային չէր, բայց մենք սխալ թույլ տվեցինք։ Ընդ որում՝ «Տոտենհեմը» Քեյնին վարձավճարով ուղարկում էր ցածր դիվիզիոնների թիմեր։ Իր աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ Քեյնը հասել է բարձր մակարդակի, ինչին արժանի է։ Նրա բնավորությունը ստիպում է միշտ առաջադիմել։

Մեսիից, Ռոնալդուից ու Լեւանդովսկուց հետո կա Հարի Քեյն։ Հարիի վիճակագրությունն ասում է ամեն բան, իսկ նա դեռ 24 տարեկան է»,- Լիամ Բրեյդիի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հարի Քեյնը 26 խաղում խփել է 23 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Ֆոտո՝ https://twitter.com/SpursOfficial

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում