14:46  ,  11 փետրվարի, 2018

Արթուր Աբրահամը ներկա է եղել Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) այս օրերին Երեւանում է եւ նախօրեին ներկա է եղել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին

«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ:

Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս, բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - 38-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին:

Ֆոտո՝ ՀԱՕԿ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում