22:51  ,  9 փետրվարի, 2018

Ռունին ցանկանում է մարզչական կարիերան սկսել «Էվերտոնում»

Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է մարզչական կարիերան սկսել «Էվերտոնում», որի կազմում այժմ հանդես է գալիս:

«Կցանկանայի խաղացողի կարիերաս ավարտելուց հետո մնալ «Էվերտոնում» եւ փորձել ուժերս մարզիչի դերում: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել: Կձգտեմ մի օր էլ դառնալ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ: Սակայն եթե այստեղ այդպիսի հնարավորություն չլինի, կփնտրեմ այլ տարբերակներ: Ես հստակ որոշել եմ, որ ապագայում դառնալու եմ մարզիչ: Հաջորդ մրցաշրջանից մի քանի մարզումներ կանցկացնեմ «Էվերտոնի» մինչեւ 14 տարեկանների թիմում: Ակնհայտ է, որ մի քանի տարի ես դեռ կխաղամ: Երբ գա ժամանակը, կդիմեմ ակումբի ղեկավարությանը»,- Ռունիի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերտոնում», 2004-2017 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», դարձյալ վերադարձել հարազատ ակումբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում