09:09  ,  9 փետրվարի, 2018

Մեկնարկում է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-ին կմեկնարկի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Կատյա Գալստյանը մասնակցել էր նաեւ Սոչի-2014 Օլիմպիական խաղերին: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը: Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը Օլիմպիական խաղերին չի մասնակցի վնասվածքի պատճառով:

Խաղերի բացման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին: Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Այս տարի 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու:  Ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով մարզիկներ: Փհենչհան-2018-ին կմասնակցեն 92 երկրների 2925 մարզիկներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան Մալայզիայի, Սինգապուրի, Էկվադորի, Նիգերիայի, Կոսովոյի եւ Էրիթրեայի մարզիկները: Ամենամեծ պատվիրակությունը կունենա ԱՄՆ-ը (242 մարզիկ), իսկ Կանադան երկրորդ տեղում է (226 մարզիկ):

Ռուսաստանցի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի տակ եւ կներկայացվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն կլինեն օլիմպիական օղակները: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում