13:44  ,  7 փետրվարի, 2018

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթն ուղեւորվում է Հայաստան

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթն ուղեւորվում է Հայաստան։ Գավաթը Հայաստան է բերում Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն։

Փետրվարի 7-ին Երեւանում կցուցադրվի «Մունդիալների» գավաթը։ 2006-ից ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի գավաթը կլինի 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 24 երկրներում գավաթը կլինի առաջին անգամ։

Երեւանում աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները գավաթը տեսնելու եւ կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան: Ասուլիսին կհաջորդի գավաթի հանրային ցուցադրությունը, որը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00-17:00-ը, Ազատության հրապարակում եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար:

Գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները: Գավաթի երեւանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահը գավաթը կընդունի Քրիստիան Կարամբյոյից։

Աշխարհի առաջնության գավաթի չորրորդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչեւ մայիս ամիսը այն կլինի 91 քաղաքներում՝ անցնելով ավելի քան 126 000 կմ:

Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հովանավորն է «Կոկա Կոլա» ընկերությունը։

Տեսանյութը՝ «Կոկա Կոլայի» ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով