20:09  ,  31 հունվարի, 2018

Ձյուդոյի Հայաստանի թիմը հավաք է անցկացնում Օլիմպավանում

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի 12 մարզիկներ գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մարզումային հավաք է անցկացնում Օլիմպավանում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

«Փետրվարին Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզում կմասնակցի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին: Հետո նա ու Արսեն Ղազարյանը Համբուրգում կմասնակցեն 10-օրյա միջազգային ուսումնամարզական հավաքի, այնուհետեւ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում հանդես կգան «Գրան Պրի» մրցաշարում:

Հայաստանի առաջնությունում հաղթած եւ ազգային հավաքական ընդգրկված մյուս մարզիկները հանդես կգան համեմատաբար թույլ մրցաշարում՝ Ավստրիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին»,- ասել է Արմեն Նազարյանը:

Այս մրցաշարերի արդյունքում, կորոշվի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում