22:10  ,  30 հունվարի, 2018

Միհրան Հարությունյան. Չեմ հեռանում ըմբշամարտից, քանի որ ցանկանում եմ հանդես գալ 2020թ. Օլիմպիական խաղերում (ֆոտո)

Ես չեմ հեռանում ըմբշամարտից, քանի որ ցանկանում եմ հանդես գալ նաեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում։ Այս շրջանում ուղղակի ժամանակավոր դադար եմ վերցրել, որպեսզի սկսեմ ուժերս փորձել խառը մենամարտերում։ Հետագայում կվերսկսեմ նաեւ ըմբշամարտի մարզումներս։

Այս մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով այս օրերին Հայաստանում է։ Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը Հայաստան է ժամանել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնության նախօրեին, ներկա գտնվեց եւ նույնիսկ պարգեւատրեց իր քաշային կարգում Հայաստանի չեմպիոն հռչակված Կարեն Ասլանյանին։

Հայաստանից մեկնելուց մի քանի ժամ առաջ ըմբիշը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Միհրան Հարությունյանը ուսանողներին պատմեց ըմբշամարտը ընտրելու, հաջողության հասնելու բարդ ճանապարհի, մարզիկի մոտիվացիայի մասին։ Խոսեց հետագա անելիքների, խառը մենամարտերում հանդես գալու առաջիկա ծրագրերի եւ ըմբշամարտից դեռեւս չհեռանալու պատճառների մասին։

«Ես չեմ հրաժարվել ըմբշարամտից, չեմ լքել մրցագորգը․ ես դեռ վերադառնալու եմ գորգ։ Հենց այս պահին էլ պատրաստ եմ վերադառնալ, վստահ ունեմ համապատասխան մարզավիճակ։ Բայց խնդիրն այն է, որ ես արդեն ունեմ պայմանագիր խառը մենամարտերում հանդես գալու համար եւ այս շրջանում պետք է պատրաստվեմ մենամարտերի։ Դեռ չեմ որոշել, թե որ քաշային կարգում եմ հանդես գալու, բայց կարծում եմ, եթե ոչ 77, ապա՝ 67 կգ քաշային կարգում կլինեմ․ այլ տարբերակներ չեն քննարկվում, քանի որ72-ը ոչ օլիմպիական քաշ է։  Բայց կարծում եմ՝ կմնամ 67-ում եւ բնավ կարեւոր չէ, թե Հայաստանի հավաքականում այսօր ով կա այդ քաշային կարգում»,- ասաց Միհրան Հարությունյանը։

Միհրան Հարությունյանը ուսանողների համար պատրաստել էր նվերներ, որոնք պետք է հանձներ ամենահետաքրքիր հարցեր ուղղած ուսանողներին, բայց հարցեր չեղան, եւ ըմբիշը պատահականության սկզբունքով հանձնեց նվերները։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով