13:35  ,  30 հունվարի, 2018

Լեգենդար Յարոմիր Յագրը հեռացավ NHL-ից

Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող (NHL) կանադական «Կալգարիի» չեխ հոկեյիստ Յարոմիր Յագրը տեղափոխվել է չեխական «Կլադնո» ակումբ, հայտնում է ակումբի կայքը:

NHL-ի այս մրցաշրջանում 46-ամյա Յագրը մասնակցել է 22 խաղի եւ հավաքել 7 (1+6) միավոր:

NHL-ում նա 1733 խաղում վաստակել է 1921 միավոր եւ լիգայի պատմության երկրորդ ամենաարդյունավետ խաղացողն է։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում է միայն կանադացի լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրետցկին, որը հավաքել է 2857 միավոր։

Յարոմիր Յագրը նաեւ NHL-ում երկրորդ ամենաշատ հանդիպում (1733) անցկացրած հոկեյիստն է: Գորդոն Հոուի ռեկորդի համար նրան չբավականացրեց 34 խաղ:

Յագրը «Կլադնոյի» սեփականատերն է եւ կարիերան սկսել է հենց այդ ակումբում:

Հիշեցնենք, որ Յարոմիր Յագրը NHL-ում նորամուտը նշել է 1990-ին։ Նրա առաջին ակումբն էր «Պիտսբուրգը», որի կազմում չեխ հոկեյիստն անցկացրել է 11 մրցաշրջան եւ 2 անգամ հաղթել Սթենլիի Գավաթում (1991, 1992)։ Յագրը խաղացել է նաեւ «Վաշինգտոնում», «Նյու Յորքում», «Ֆիլադելֆիայում», «Դալասում», «Բոստոնում», «Նյու Ջերսիում», «Ֆլորիդայում», իսկ «Կալգարիին» միացել էր 2017-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս